ԵՍ ՔՈՆԸ ՉԵՂԱ

Լուսին Ղազարյանի գրական մուտքը կայացավ □Փշրված սիրտ□ (Երևան, Վան Արյան, 2001) բանաստեղծությունների փոքրիկ ժողովածուով: Գրական միջավայրում անմիջապես նկատվեց նրա մաքուր ապրումներով, թարմ պատկերներով նրբազգաց բանաստեղծությունները: Այնուհետև Լուսինը երկար տարիներ զբաղվեց լրագրությամբ և միայն 15 տարի անց լույս ընծայեց իր բանաստեղծությունների երկրորդ՝ «Սեր թևերս» (Երևան, Վան Արյան, 2016) ժողովածուն: Սույն՝ «Ես քոնը չեղա» բանաստեղծությունների ժողովածուն ներառում է թե՛ առաջին և թե՛ երկրորդ գրքերից, ինչպես նաև նոր բանաստեղծություններ: Անշուշտ, լրագրողական մասնագիտությունն օգնել է հեղինակին տեսնել այսօրը և այն վառ կերպով արտահայտել իր բանաստեղծություններում: Ինչն է հետաքրքիր. վերջին տարիներին առկա է այսպես ասած գրականության կազմաքանդման միտումը, որն հատկապես տեսանելի է բանաստեղծության համապատկերում: Պոեզիայից դուրս է մղվում քնարականությունը, երաժշտականությունը, և քիչ հեղինակներ ու գրողներ կան, որ բանաստեղծությանը վերադարձնում են իր նախնական նշանակությունը՝ այսպես ասած՝ խոսքի մեղեդայնությունն ու ծիսականությունը: Եվ պատահական չէ, որ Լուսին Ղազարյանի ստեղծած պատկերներն անընդհատ տեսլանալու հատկություն ունեն. բանաստեղծության այս բնույթն է կարծես գրողը որդեգրել և ձգտում է նման դժվար ճանապարհով անցնել, քանզի զարմացնելու ճիգով բյուր գրքեր կարելի է գրել: Ապրված տողով բանաստեղծ է Լուսին Ղազարյանը: Պատկերավորման համակարգը նրա հիմնական զինանոցն է: Հետաքրքիր պատկերները զուգորդում են մեկը մյուսին: Պատկերները կառուցվում են կամ տող-պատկերների անցումներով, կամ էլ մի քանի տեսլապատկերների ամբողջական համադրումով:





Տարածել