Անլվա Ռուսիա, մնաս բարով

Մեծ է Կովկասը, արևելքի ու արևմուտքի, հարավի ու հյուսիսի մեջտեղը կանգնած հին հսկան: Աստվածների բնակավայրեր են եղած նրա երկնահաս բարձունքները: Նրանց ստորոտների վրա հանգչում են հին դարերի ու հին ժողովուրդների գերեզմաններն ու ավերակները, տներն ու տաճարները, իսկ գագաթները շողշողում են ամպերից վերև, արևին ու աստղերին ճակատ առ ճակատ: Մեծ բան է՝ լինել Կովկասի որդեգիրը: Հազար հազարավոր մեծ մարդիկ են եկել անցել Կովկասից, բայց նրանք բոլորը Կովկասի համար եղել են անցվորներ, ախոյաններ, բարեկամներ կամ հյուրեր, իսկ որդեգիր՝ նա շատ քիչ է ունեցել: Էդ երջանիկ քչերիցն եղան երկու մեծ ռուս բանաստեղծները – Պուշկին և Լերմոնտով: Արդյոք հարավի ու լեռնաստանի ժառանգական արյո՞ւնն էր, թե՞ ջինջ ու հստակ մեծություններին ձգտող բանաստեղծի ոգին, ո՞վ գիտի, թերևս և՛ մինը և՛ մյուսը, բայց նրանք Կովկասը սիրեցին, Կովկասը՝ նրանց, ու մեծ Կովկասին մեծ որդեգիրներ եղան հավիտյանս հավիտենից: Եվ ահա էսօր լրանում է ռուս ժողովրդի մեծ զավակներից մեկի և Կովկասի մեծ որդեգիրներից մեկի – Լերմոնտովի ծննդյան հարյուրամյակը, բայց պատերազմի պատճառով հետաձգվում է էդ պայծառ, էդ ցանկալի տոնը, որ Ռուսաստանի մի ծերից մինչև մյուսը պետք է խնդացներ ու թնդացներ շատ միլիոնավոր սրտեր ազնիվ ու խոր զգացմունքներով՝ առանց ազգի ու ցեղի խտրության: Հետաձգվում է: Ամենքս էլ հետաձգում ենք: Բայց բոլորովին լռել չի կարելի: Եվ ինձ էսօր համակում է մի խոր տխրություն: Ես մտածում եմ. Ինչպես էսօր ժամանակը չի, որ Լերմոնտովի ծննդյան հարյուրամյակի տոնը գար, էնպես էլ հարյուր տարի առաջ ժամանակը չէր, որ Լերմոնտովը ծնվեր. բայց ծնվեց: Ծնվեց հրեղեն ու վերասլաց մի հոգով, որ դեռ մանկուց չնաշխարհիկն էր որոնում հարյուր տարի առաջ եղած Ռուսաստանի միջավայրում, չինովնիկական մունդիրի մեջ սեղմված ու չորացած մի կյանքում, ու կատարվեց մեծ դրաման: Այո, դրամաների մեջ ավելի զարհուրելին չկա, քան մեծ հոգիների դրաման:





Տարածել