Պատմական հայկական վաշտը

Մեր ժողովրդի հոգեկերտվածքին խորթ է կուրորեն մեկին հետևելը, իր ճակատագիրը անվերապահորեն մեկին վստահելը: Միակ բացառությունը Անդրանիկն է, ում հետևից ոտքով ու սայլերով անցավ ամենօրյա մարտերով ու այլևայլ աղետներով հագեցած մի դժոխային ճանապարհ՝ Կարսից, Ալեքսանդրապոլից Ջալալօղլի - Դսեղ — Դիլիջան — Սևան, Սելիմի լեռնանցքով՝ Վայոց ձոր — Նախիջևան — Ջուլֆա, հետևեց նրան անգամ հայրենի սահ մաններից անդին՝ դեպի Խոյ, այնուհետև վերադարձավ Ջուլֆա — Նախիջևան — Զանգեզուր — Դարալագյազ — Երևան: Սակայն այս ամենի մասին ընթերցողը կկարդա այս գրքում՝ գրված օտար զորականի՝ սիբիրցի Ալեքսեյ Կոլմակովի ձեռքով: Օտար, ով պաշտեց Անդրանիկին, իր նվիրումով ու անձնազոհությամբ դարձավ մեր ժողովրդի ամենամեծ զավակներից մեկը և հանիրավի մոռացության մատնվեց: Երանի Ալեքսեյ Կոլմակովը այս դեպքերից երեք տարի առաջ՝ 1915-ին էլ եղած լիներ մեր աներկրորդ հերոսի կողքին և նույնպիսի պատկերավորությամբ նկարագրեր Կովկասյան տարածաշրջանում երբևէ տեղի ունեցած ամենավճռորոշ ճակատամարտերից մեկը՝ Դիլմանի ճակատամարտը: Ավարայրի դաշտից ոչ շատ հեռու, հյուսիս-պարսկական Դիլման գյուղաքաղաքի մոտ 1915-ի ապրիլին ռուսական բանակը Անդրանիկի շնորհիվ ջախջախեց թուրքերին, ինչի արդյունքում ողջ Կովկասը փրկվեց անխուսափելի սպանդից: Դիլմանում հաղթելու պարագայում Էնվերին այլևս ոչինչ չէր խանգարելու կյանքի կոչել թուրքերի վաղեմի երազանքը՝ պանթուրքական հրեշավոր ծրագիրը: Դիլմանից հետո թուրքական զորաբանակը ծրագրել էր հասնել Բաքու, այնտեղից՝ Թիֆլիս և Կովկասը կտրել Ռուսաստանից: Իրադարձությունների նման զարգացման պարագայում թե ինչ էր սպասվելու նաև արևելահայությանը և ողջ Վրաստանին՝ դժվար չէ կռահել: Ահա մինչև Միջին Ասիա և Հեռավոր Արևելք ձգվող մեծ Թուրքիա ստեղծելու թուրքական զառանցանքը հօդս ցնդեցրեց մի Զորավար, որը երբեք բանակ չի ունեցել: Ահա թե ինչու էր ողջ թուրք ցեղը, շարքային ասկյարից, ենիչերիից, թալանչի բաշիբոզուկից մինչև տեսակ-տեսակ փաշաները, անեծքով ու զարհուրանքով տալիս Անդրանիկի անունը: Եվ ահա թե ինչու Անդրանիկի անունը մեկընդմիշտ ամրագրվեց ռուս պատմագրության հերոսական էջերում: Ամրագրվեց մեծարանքով ու հիացմունքով:





Տարածել