Պատից այս կողմ

Ժողովածուն մաքուր և ապրված երգերի փունջ է՝ քամված փորձություններից և փորձառությունից: Հեղինակը՝ Ժաննա Ղոչիկյանը, գրի տարածքից է (ճանաչված, բազմափորձ լրագրող է): Բայց որպես բանաստեղծ՝ նրա անունը երբեք չի շրջանառվել: Անընդմեջ, առանց կանգ առնելու նա գրել է՝ սկսած 60-ականներից և այսօր իր ընթերցողի սեղանին է դնում ինքնամաքրման ճանապարհ անցած շատ գործեր, որոնք աչքի են ընկնում, հատկապես, անկեղծության մեծ չափաբաժնով: Փակվելով սեփական խեցում՝ նա հնարավորություն է ունեցել ուսումնասիրել նախ՝ իրեն, հետո՝ մարդկանց և աշխարհը, անցնել կյանքի հողմակոծ արահետներով և այսպիսով թղթին հանձնել բոլոր խոկումները: Թվում է՝ հեշտ է գրել առաջին դեմքով, պատմել սիրո, ցավի, մտորումների ու ցանկությունների մասին, անել եզրահանգումներ, որոնք բխում են ապրված օրերի անցուդարձից: Սակայն դա բարդ աշխատանք է՝ արվեստի կանոններով և էպիկական վրձնումներով բանաձևել հոգու մանրակերտերը, հուզական ողջ ներուժը, որ այն համոզիչ և տոկուն լինի, միևնույն ժամանակ նոր ասելիք ունենա: Հեշտ չեն պոկվել, անջատվել բանաստեղծի հոգուց, այլ՝ կաթիլ-կաթիլ, ափսոսանքներից ու չստացված օրերի պատառիկներից: Եթե մեկ բառով փորձենք ամփոփել ժողովածուի ասելիքը, ապա այն կլինի՝ ազատագրում… Ազատագրում ծանր թնջուկից՝ հոգևոր բեռից, որ ցավեցնելու աստիճան տանջել է: Որ տեղ մնա հույսին, սիրո ներկայությանը.





Տարածել