Օտար և հարազատ ճանապարհներ

ՀԵՂԻՆԱԿԻ ԵՐԿՈՒ ԽՈՍՔԸ Ես շատ ուշ հնարավորություն ունեցա կողմնորոշվելու, մղձավանջային, լեթարգիական քնից արթնանալու, աշխարհընկալումս, տեսած-ապրածս թղթին հանձնելու: Ի՞նչ իմանաս, գուցե ինչ-որ տեղ, եթե ընթերցողս աշխարհին նայի իմ աչքերով և ինձ պես ընկալի աշխարհիկ անցքերը, ես ինչ-որ բանի հասած կլինեմ: Ահա բոլորում է երեք քառորդ դարս, մարդ մահկանացուիս ամենաթանկ գանձ ժամանակը, որի ընթացքում խելոք մարդիկ շատ բան են հասցնում թողնել` ի գիրս մնա հիշատակող: Ես այն վատնեցի (չնայած ոչ իմ մեղքով) անփութորեն, վերջին հաշիշամոլի նման ու այդ ընթացքում երբեք չմոռացա, որ գրել է պետք: Բայց ե՞րբ գրեի, եթե ամբողջ կյանքս անցկացրի ինձ հարկադրած զսպաշապիկներս փոխելով միայն, որոնցից ամեն հաջորդ շապիկը ավելի դաժան էր սեղմում թե՛ մարմինս և թե՛ հոգիս, լիներ դա որբի մանկություն, թե զրպարտանքով □ուղեգրված□ բանտ ու աքսոր: Ես ապրեցի Խորհրդային բոլոր □փաշաների□ օրոք (բացի Լենին փաշայից)` «հայր Ստալինից» մինչև վերջին գեղջուկ կամ խղճուկ տրակտորիստ, գենսեկ (գլխավոր քարտուղար) Միխայիլ Գորբաչովը: Այժմ դառը քմծիծաղով եմ հիշում, թե ինչպես վաղ գարնանը, կոլխոզի գոմերի պատի տակ, արևկողին, թափված գոմաղբի վրա, սովալլուկ մանուկներս ինչպես էինք վանկարկում դպրոցում հարկադրաբար սերտած, հայրերի հայր Ստալինին նվիրված այս տողերը. Ջան Ստալին, ջան Ստալին, Ջանս քեզ ղուրբան Ստալին, Այսքան ուրախ կյանքը մեզ Ընկեր Ստալինն է տվել... Գիտեմ, որ այսօրվա պատանի ընթերցողին ծիծաղելի կթվա, բայց դա այդպես էր, բոլորը Չարենց չէին (ցավոք, ինչպես և այսօր շատերը): Այդպես էլ ապրեց իմ սերունդը, ու ես չհասկացա` ում էինք խաբում` ինքներս մե՞զ, թե մեկս մյուսիս ու շրջապատող աշխարհին` հարկադրված «ամենահումանիստական կոմունիստական քաղբյուրոյից»: Ի՞նչ էինք ակնկալում` կրկնելով խրուշչովյան` «այսօրվա սերունդը կապրի կոմունիզմի օրոք» կարգախոսը, կամ որ ավելի է շինծու և ծիծաղելիորեն վերամշակված` կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսը, որը ոչ այլ ինչ է, քան Աստվածաշնչյան տասը պատվիրանների խորհրդայնացված, ապականված տարատեսակը: Այդ ո՞րն էր սպասվելիք եդեմական վաղը, որի փարոսափայլ դռներին այդպես էլ չհասանք, մինչ թունելի վերջում պարզվեց կոմունիզմի փուչիկ լինելը, որի պայթեցման օլիմպիական պատիվը ընձեռվեց անփառունակ Գարբաչովին: Որպես հետևանք` Խորհրդային Միությունը պատմության գիրկը գնաց: Ահա մոտավորապես ի՞նչ եմ ուզեցել պսակազերծել գրքիս էջերում: Սիրով` ՀՐԱՉ ՀԱՌԻՃԵՑԻ





Տարածել