ԶՈՀՎԱԾ ԵՂԲՈՐՍ ՆԱՄԱԿԱՆԻՆ

Ծնողներիս` Գարեգին Պողոսի Պետրոսյանի (Ալաշկերտում պապերը՝ Օդաբաշյան), ծնված 1896 թվականին Ալեքսանդրապոլում (ներկայիս՝ Գյումրի) և Աշխեն Աղասու Պետրոսյանի` ծնված 1903 թվականին Ալեքսանդրապոլում, տասը զավակներից առաջնեկ Գուրգեն Գարեգինի Պետրոսյանը` ծնված 1921 թվականի մայիսի 1-ին Ալեքսանդրապոլում, 1941 թվականի նոյեմբերի 26-ին զորակոչվեց Կարմիր բանակ և իր մասնակցությունը բերեց Հայրենական մեծ պատերազմին: Դպրոցին զուգընթաց՝ Գուրգենը սովորել և 1938 թ. ավարտել է Լենինականի կերպարվեստի դպրոցը (Մերկուրովի անվան նկարչական դպրոց, վկայական N10): Նրա նկարչական գործերի որոշ մասը մինչև օրս պահպանվում է ծնողներիս իններորդ զավակ, պատմական գիտությունների դոկտոր Սարգիս Գարեգինի Պետրոսյանի մոտ: Գուրգենը սովորել և 1941 թվի հունիսի 18-ին ավարտել է ՀԽՍՀ թեթև արդյունաբերության Ժողովրդական կոմիսարիատի Լենինականի տեքստիլ տեխնիկումը (վկայագիր): Ավարտելուց հետո աշխատել է Տեքստիլ կոմբինատում որպես վերանորոգող ենթավարպետ: Գուրգենը, բացի նկարչականից, ուներ նաև երաժշտական ընդունակություններ և Լենինականի ֆիլհարմոնիայի երգի-պարի խմբի անդամ էր. երգում և դափ էր նվագում: Նա անչափ հոգատար ու ուշադիր էր իրենից փոքր եղբոր և հինգ քույրերի նկատմամբ: Երեկոյան՝ ֆիլհարմոնիայից վերադառնալուց հետո, չէր քնում, քանի դեռ չէր համոզվում, որ բոլորը կատարել են դպրոցական առաջադրանքները: Մեծ եղբոր իրավունքով ու պարտականությամբ ամեն անգամ (նաև նամակներով) հիշեցնում էր, որ խելոք ու համեստ լինեն, լավ սովորեն, անպայման բարձր առաջադիմությամբ ավարտեն ուսումնական տարին, քանի որ իրենց պարտքն է մեծանալ ու լավ մարդ դառնալ հասարակության ու երկրի համար: Գուրգենի երազանքը եղբայրներն ու քույրերը իրականացրին. մեծ քույր Հրանուշը (Աբովյանի մեդալակիր) և փոքր քույր Քնարիկը դարձան մանկավարժներ, Լենան՝ իրավաբան և մանկավարժ, Սարգիսը՝ պատմական գիտությունների դոկտոր, դասախոս, վաղամեռիկ փոքր քույր Գոհարը՝ ինժեներ: Սոնան` տնային տնտեսուհի, Լևոնը՝ փականագործ, Գրիգորը՝ արհեստավոր, որոնք թեև բավարարվեցին միջնակարգ կրթությամբ, այնուհանդերձ ոչ պակաս հարգանք ու սեր են վայելում համաքաղաքացիների կողմից: Երկխոսությունս ավարտում եմ Գուրգեն եղբորս կողմից Հայրիկիս նամակներին ուղղված գնահատականով. “Հայրի՛կ ջան, քո նամակները սոսկ նամակներ չեն, այլ փաստաթղթեր, հանելուկներ, խրատներ... “Հայրի՛կ ջան, իսկապես վոր ամեն տողը վոնց որ արծաթե լիստի վրա վոսկե և թանկագին քարերով գրված տողեր լինեն”:





Տարածել