ՄԱՆՐԱՏՈՂԵՐ

Երբեմն նաև այսպես է գրվում՝ մանր, մեկից-չորս տողերով, որոնք ապրումներից ծնված խոհեր են, արդեն եղած-կատարվածի հանդեպ զգացական վերաբերմունք: Տարատեսակ ապրումներից հետո, երբ ստիպված ճաշակում ես կյանքի պարգևած դառնությունները, երբ սիրտդ պայթում է վիրավորանքի, բաժանումի, դավաճանության ու կորստի ցավերից, երբ ինքնահաստատման փնտրտուքի մեջ ուզում ես պարզել՝ ինչու՞, ինչու՞ հենց այսպես, ինչու՞ հենց ի՛նձ հետ... Այդ «ինչու՞»-ն կարճ ու համառոտ պատասխան-հետևություն է ակնկալում: Եվ գրվում են հե՛նց այսպես՝ մանր տողերով՝ մեկից-չորս, որոնք լրացման կամ ավելի խորն ու խոհեմ շարունակության կարիք չունեն, պարզապես ինքնազննումի, մարդա և ինքնաճանաչման հնարավորություն են տալիս: Ես դրանք ամփոփեցի մեկ խորագրում և այն անվանեցի ՄԱՆՐԱՏՈՂԵՐ: Մանրատողերն, իհարկե, Թումանյանի կամ Չարենցի խորքն ու համամարդկային փիլիսոփայական հնչողությունը չունեն, ավելի շատ ներանձնական են, գուցե ինչ-որ չափով նաև ընդհանրական՝ իմ սերնդակից-բախտակիցների համար: Ընդամենը: Ժաննա Ղոչիկյան





Տարածել