ՀԱՅՈՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԴԱՐԸ VII

“Հայոց գրականության երկու դարը” հատորաշարին, որն սկզբնապես ծրագրված էր հրատարակելու երկու գրքով, սակայն 1980-ական թվականների վերջից դարձավ հեղինակի կյանքի յուրօրինակ ուղեկիցը, ամեն հատորում վերը նշված սկզբունքով ամփոփելով նրա մի քանի տարիների հրապարակումները: Շնորհիվ նման կառուցվածքի բոլոր այս ժողովածուներում միաժամանակ հանդես է գալիս հայ գրականության պատմաբանն ու տեսաբանը և ժամանակակից գրականության քննադատը: Հիշյալ ժողովածուները վեր են հանում ևս մեկ զարմանալի իրողություն: Դրանցում տեղ գտած հոդվածներից երևում է, որ Սարինյանի աչքն իսկույն անվրեպ տեսել է և արձագանքել յուրաքանչյուր նոր գրողի ստեղծագործական առաջին քայլերին և երիտասարդ գիտնականի առաջին ուսումնասիրություններին: Սարինյանի կողմից դրվատված ամեն երիտասարդ հեղինակ այսօր ճանաչված անուն է մեր գրականության և գրականագիտության մեջ: Առաջին հատորի առաջաբանում իր գիտական գործունեությունը ստուգաբանում է 1950-ական թվականներին կյանք մտած գրականագետների ուսումնասիրությունների ընդհանուր համատեքստում. “Այսպես էլ ահա ավելի քան երեք տասնամյա իմ կյանքն ու գործը ամբողջապես նույնացավ այդ սերնդի պատմությանը, որի ստեղծումների, որոնումների ու հայտնության ընդհանուր համարժեքի մեջ ես փորձեցի ներկայացնել երկու դարերի հայոց գրականության էջերի գեղագիտական-փիլիսոփայական իմ մեկնությունները”: Մինչև կյանքի վերջին օրը հայ գրականության ընթացքը քննող Ս. Սարինյանը չէր կարող պատկերացնել, որ շարքի այս հատորը կարող է լույս տեսնել իր ակնկալածից շուտ, և որ գրքում տեղ չեն գտնի այն հոդվածներն ու մանրակերտները, որոնք ձև էին առնում նրա գրչի տակ: Դժբախտաբար, սակայն, այդպես եղավ: Դժբախտաբար, որովհետև յուրաքանչյուր հատորն, ինչպես ասացինք, ամբողջանում էր նախորդ հատորից հետո գրված հոդվածների և հրապարակումների ի մի բերմամբ մի գրքով: Այս հատորը՝ նախորդների նման ամբողջանալու համար դեռ պետք է համալրվեր նորանոր գործերով, որը, սակայն, տեղի չունեցավ գիտնականի կյանքի անակնկալ ընդհատման պատճառով: Անակնկալ, որովհետև կյանքի անգամ վերջին օրերին, գրականության ինստիտուտում իրեն բնորոշ հաստատակամությամբ զբաղված էր ընթացիկ գիտա-կազմակերպական աշխատանքներով և ոչ թե իր արածը հանրագումարի բերելով: Ճակատագիրը, սակայն, այլ կերպ էր տնօրինել... Այս հատորը նաև մեկ այլ յուրահատկություն ունի: Նախորդ գրքերից յուրաքանչյուրը Սարինյանը կազմում էր ըստ նյութերի ներքին տրամաբանության, ոչ թե քննարկված հարցերի ժամանակային մեխանիկական ընթացքով կամ թեմատիկ դասակարգմամբ, այլ ասելիքի ներքին տրամաբանությամբ, որով իրար էին հաջորդում Գրիգոր Նարեկացին ու Պարույր Սևակը, միջնադարի պատմիչներն ու մերօրյա պատմավիպասանները: Այս հատորը նախորդ գրքերի տրամաբանությունը պահելով, վերջին տարիների հրապարակումները ի մի հավաքելով տպագրեց գրականագետի դուստրը՝ Գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մանե Սարինյանը, ում հայտնում ենք մեր խորին շնարհակալությունը: Ինչպես նախորդ վեց գրքերի, այնպես էլ այս գրքի դեպքում ապշեցնում և հիացնում է Սարինյանի ոչ միայն գրածը, այլև անգամ... կարդացածը՝ ծավալով և թեմատիկ ընդգրկմամբ՝ դասականներից մինչև այսօրվա հեղինակները: “Հայ գրականության երկու դարը” առաջին գրքի առաջաբանը Սարինյանն սկսում է վկայակոչելով իր 60-ամյակի առիթով Վահագն Դավթյանի հետևյալ խոսքերը. “Փոքրիկ գրախոսականի մեջ անգամ Սարինյանը կիրառում է այն նույն չափանիշները, վերլուծության նույն եղանակները, ձևակերպումների նույն ճշգրտությունը, ինչ գրականագիտական խոշոր աշխատությունների մեջ”: Հատորը եզրափակվում է Սարինյանի վերջին տարիների մի քանի հարցազրույցներով, որոնք ապշեցնում են մտքի խորաթափանցությամբ, մեր այսօրվա կյանքի երևույթներն զգալու զարմանալի ունակությամբ: Հարցազրույցներում հայտնված մի շարք մտքերն ու դրույթները կարելի է համարել նրա՝ որպես գիտնականի և քաղաքացու, կտակն ու պատգամը: Սերգեյ Սարինյանն իրեն ճանաչողների հիշողության մեջ կմնա որպես սկզբունքային գիտնական, ով գիտական փաստերի հիման վրա կատարվող եզրահանգումները միշտ վեր է դասել ժամանակի թելադրած ձևախեղումներից, և անհատականություն, ում համար գրականությունը ոչ միայն գիտական հետազոտության առարկան էր, այլև կյանքի իմաստը և կեցության ձևը: Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն ապրեց՝ հայացքը հառած դեպ դարերի խորքը և ձեռքը պահած այսօրվա գրականության զարկերակին:





Տարածել