ՍՊԻՏԱԿ ՁԻԱՒՈՐԸ

Երկու խոսք Համաստեղի «Սպիտակ ձիավորը» վեպը գլուխ առ գլուխ սկսել է հրատարակվել նախ Բոստոնի «Հայրենիք» ամսագրում: Առաջին գլուխը լույս է տեսել 1931 թվականի մայիսին, «Հայրենիքի» այդ տարվա 7-րդ համարում: Այնուհետև, ինչպես Համաստեղն ինքն է նշում վեպի առանձին հրատարակության առաջաբանում՝ «Վէպը ամսէ ամիս կը հասցնէի «Հայրենիք Ամսագրին»: Վեպը «Հայրենիքում» լույս տեսավ մինչև 1933 թվականի հոկտեմբերը (թիվ 12), ընդ որում՝ ընթացքում առկա են համարներ, որոնցում «Սպիտակ ձիավորը» լույս չի տեսել: «Հայրենիքում» վեպն ավարտվում է «Կապոյտ յուլունքով գլուխը» հատվածով, որի վերջում առկա է խմբագրության հետևյալ ծանուցումը. «Սպիտակ Ձիաւորը» վէպի երրորդ մասը լոյս կը տեսնէ «Հայրենիք» ամսագրի առաջիկայ տարուան ընթացքին»: Սակայն վեպն իր լրումին ամսագրում այդպես էլ չհասավ, ինչպես Համաստեղն է նշում՝ «ինձմէ անկախ պատճառներով»: Տարիներ անց Համաստեղը շարունակում և ավարտում է վեպը՝ պատրաստելով առանձին հրատարակության, որը լույս տեսավ Լոս Անջելեսում, 1952 թվականին, երկու հատորով: Հարկ է նշել, որ «Հայրենիքում» Համաստեղը հրատարակել է վեպի 25 գլուխ, իսկ հետագայում դրանց ավելացել է ևս 8-ը: Ընդ որում՝ առանձին հրատարակության ժամանակ նաև կառուցվածքային փոփոխություններ են կատարվել, առաջին հերթին՝ Համաստեղը վեպի հատվածներից հանել է դրանց թվագրումները՝ Առաջին գլուխ, Երկրորդ գլուխ և այլն՝ թողնելով միայն վերնագրերը, ինչպես նաև որոշ վերնագրերի աննշան փոփոխություն է կատարել: Մասնավորապես՝ «Հայրենիքում» «Մարտիկ ֆիրար» (1931, թիվ 12) վերնագիրը առանձին հրատարակության մեջ դարձել է «Մարտիկ փախստական», և այլն: Վեպի առաջաբանում Համաստեղը նշում է, որ ամսագրի յուրաքանչյուր համարին հասցնելու պարագան է հանգեցրել նրան, որ վեպը «տեղ տեղ լայն փակագիծ բացուած եւ թէքնիք պահանջներուն հպատակած չէ»: Առանձին հրատարակության մեջ նա փորձել է ինչ-որ չափով շտկել այդ թերությունները, ինչ-ինչ փոքրիկ հատվածներ է կրճատել, փոքրիկ պարբերություններ հավելել... «Սպիտակ ձիավորը» վեպի ներկա հրատարակությունը պատրաստելիս, բնականաբար, նախևառաջ հենվել ենք առանձին հրատարակության տեքստի վրա: Սակայն, ցավոք սրտի, այդ հրատարակությունը լեցուն է տարաբնույթ սխալներով, վրիպակներով, զուգաձև գրություններով (ընդ որում՝ այդ զուգաձևությունները վերաբերում են թե՛ առանձին բառերի, թե՛ անձնանունների և տեղանունների գրությանը), հերոսների անունների շփոթագրությամբ (ասենք՝ Օհանը մեկ այլ տեղ հանդիպում է որպես Օվան, մեկ այլ տեղ՝ ֆիդայի Մարգարը ներկայացվում է մեկ այլ ֆիդայու՝ Մակարի անունով և այլն), ավելին՝ տեխնիկական պատճառներով որոշ տողեր կրկնվել են և որոշ տողեր դուրս սպրդել: Ուստի, անխուսափելիորեն դիմել ենք նաև «Հայրենիքում» տպագրված տեքստին՝ անհրաժեշտ շտկումները կատարելու համար: Ընդհանուր առմամբ՝ վեպը հրատարակության պատրաստելիս ա) հնարավորինս շտկել ենք վրիպակները, բ) միակերպության ենք բերել զուգաձևությունները, ընդ որում՝ նախապատվություն տալով արևմտահայերենին բնորոշ ձևերին, մանավանդ որ՝ վեպում շատ-շատ են արևելահայերենին բնորոշ բառաձևեր ու կառույցներ, գ) հնարավորինս միակերպ ենք դարձրել հատուկ անունների գրությունը, ընդ որում՝ այս պարագայում հարկ ենք համարում նշել, որ որոշ հատուկ անուններ, ինչպես Չէրչի Կիրոս, Սպիտակ ձիավոր, Նաճար Արթին, Տէմիրճի Խաչեր և այլն, վեպում ունեն որոշակի այսպես ասած՝ զարգացում, և ըստ այդմ՝ տարբեր կերպ են գրվել: Օրինակ՝ սկզբում տէմիրճի-ն Խաչերի պարագայում սոսկ արհեստի նշագրում է և կիրառել ենք փոքրատառով, հետագայում, երբ արհեստի նշագրումը վերաճել է հատուկ անվան՝ կիրառել ենք մեծատառով: Նույն սկզբունքն է նաև մյուս անունների պարագային, դ) պակասող տողերը, բառերը վերականգնել ենք ըստ «Հայրենիքում» տպագրված տեքստի: Հետագայում գրված հատվածներում նման դեպքերի հանդիպելիս փորձել ենք վերականգնումները կատարել՝ ելնելով համատեքստից, ե) հնարավորինս շտկել ենք հատուկ անունների շփոթագրությունը, զ) պահպանել ենք հեղինակի կիրառած ուղղագրությունը: Բնականաբար, այս աշխատատար գործը նույնպես զերծ չի կարող լինել վրիպակներից: Բայց հուսով ենք, որ ավելի քան 60 տարի անց վերջապես Հայաստանում, ընդ որում՝ մեկ հատորով իրականացվող «Սպիտակ ձիավորը» վեպի հրատարակությունը չի լինի վերջինը և այդ վրիպակներն էլ հետագայում կուղղվեն: Ամենակարևորն այն է, որ Համաստեղի փառահեղ այս ստեղծագործությունը վերջապես կունենա մի փոքր ավելի լայն շրջանառություն, առիթ կտա նորանոր և առավել խորունկ գրականագիտական ընթերցումների և իր արժանի տեղը կգտնի հայ գրականության լավագույն գործերի շարքում:





Տարածել